Այսպես եմ գտնում իմ մեծն Ես-ը

Ժամանակը շատերի համար ուժի աղբյուր է և դեղամիջոց անձնական խնդիրների բուժման համար: Սակայն ո՛չ, ժամանակը չի բուժում վերքերը: Վերքերը կարող են բուժել նոր հարաբերությունները, աշխարհընկալման փոփոխությունը դեպի իրականը, մաքուրը (բայց սա չի նշանակում` ամեն խնդրից հետո պետք է այն փոխել, պետք է խորը մտածել և տեսնել` ինչն է միշտ քեզ փրկել նման իրավիճակներում), ալկոհոլը (այն օգնում է սթափ մտածել, որքան էլ տարօրինակ թվա) և կես կատակ, կես լուրջ` հիշողության կորուստը:

Գիտե՛մ, կասեք որ այդ ամենի համար ժամանակ է հարկավոր, ճիշտ է` ժամանակ է հարկավոր, իսկ եթե ոչինչ չանե՞ս, եթե ուղղակի շարունակես ապրել առանց փոփոխության, դա չի մոռացնի ցավդ, եթե ավելի ահարկու չդարձնի այն, այսինքն` մեզ հարկավոր է ոչ թե ժամանակ, այլ մեկ այլ բան, որը ամեն մարդու համար այլ է, ինչպես և ինքը` մարդն է տարբեր:

Լա՛վ, թողնում եմ ժամանակը մի կողմ, իսկ ի՞նչ, եթե…

Եթե հայտնի խոսքը, տարածված և ընդունված, սխալ է, խոսքս «Միայն հիմարներն են սովորում իրենց սխալների վրա» արտահայտության մասին է: Ինչո՞ւ և ո՞վ է մտածել սա, երևի մա՞րդ, ով երբեք չի սխալվել, միթե՞ Աստված, սակայն ոչ, բոլորն էլ գիտեն, որ ամենաիդեալական անձը` Աստված սխալվել է, հենց թեկուզ այն հարցում, որ «հորինել» է իրար հակասող պատվիրաններ: Լավ, սա էլ մի կողմ, անցնեմ բուն թեմային, սրան կանդրադառնամ հետո: Ի՞նչ է նշանակում միայն հիմարները, չէ՞ որ բոլորն էլ սխալվում են, և հենց դրանից են ձեռք բերում իրենց կյանքի փորձը, հենց կյանքի փորձն է, որ մարդուն օգնում է կատարել ճիշտ ընտրություն, թե՞ ես սխալ եմ, այս հարցում համոզված եմ, որ շատերը ինձ նման են մտածում և ես դա գնահատում եմ, այսինքն` «քննադատները» մի քիչ կպակասեն: Այնպես որ, մի վախեցեք սխալվելուց և փորձեք սովորել ձեր սխալների վրա, քանի որ սխալվում է նա, ով փորձում է, իսկ փորձը ապագայի համար դաս է:

Իսկ Եթե Աստված ստեղծել է պատվիրաններ, ապա դա քննարկման ենթակա չէ՞, ապա բացատրեք խնդրեմ` ինչո՞ւ պետք է ես դեմ տամ մյուս այտս, եթե ապտակում են մյուսին: Ո՛չ ես չեմ անի դա, ես կպայքարեմ, չէ՞ որ դա իմ արժանապատվության հարցն է(հասկանում եմ, որ ապտակ բառը պետք չէ հասկանալ ուղիղ իմաստով, իսկ ես հենց այդ փոխաբերական իմաստի մասին եմ խոսում, թեև այն կարելի է նաև հասկանալ ուղիղ իմաստով): Փորձեք ապտակել անգամ ամենասուրբ և ամենաքիչ մեղք գործած և աստվածավախ անձին, ապա կտեսնեք` նա չի թողի, որ դու կրկնես, նա կպաշտպանվի` պաշտպանելով թե իր անձը, թե արժանապատվությունը: Այնպես որ, այդ պատվիրանը անիմաստ է և չի գործում այպես, ինչպես որոշված է եղել:

Լավ, անգամ սա մի կողմ թողնեմ և չշարունակեմ, բայց կուզենայի մի բան նշել և ավարտել խոսքս:

Միշտ շատերը դեմ են լինում մերժմանը, քանի որ կարծում են` դա ուրացում է, սակայն ո՛չ, դա միջոց է մտածել նորովի և ստեղծել մի նոր բան, օրինակ` միշտ քննադատվում եմ նրա համար, որ մերժում եմ ցանկացած կրոն: Իսկ եթե՞ այսպես ինձ համար ավելի հեշտ և հոգեհարազատ է ապրելը, եթե՞ այսպես եմ գտնում իմ մեծն ԵՍը, ապա պետք է՞ այդ որոնման պատճառով դառնամ քննադատության թիրախ:

Խնդրում եմ` մտածեք իմ հոգեվիճակի մասին, մտածեք, թե ինչ եմ զգում, երբ ինձ մատնանշում են ինչ որ վատ բանում, որը իրականում վատ չէ:

Оставьте комментарий